Քեզ դուրս նետեցին, դու էլ ու՞մ ես պետք
Պտույտների մեջ այս անհայրենիք,
Հիշողության տաք հովերը երբեք
Չեն դառնալու էլ երազ ու տանիք:
Լույսը բաց մի թող, որ չխավարի,
Գուցե ճամփա կա՞ դեռ որոնելու,
Չկառավարվող ընթացքը վայրի
Տանում է՝ որպես ավարն իր հլու:
Իմ Հայաստանը ու՞մ եմ թողնելու
Այս արնափրփուր խաչմերուկներին,
Ի՞նչ է թաքցրել գունաթափ հեռուն,
Ի՞նչ է խոստանում ծիծաղը նեռի:
Բայց ինքնագլուխ դու դեռ մի մեռիր,
Օրհնված մի ձեռք դռներ է բացում,
Աղոթք է դառնում մրմունջը բառիդ,
Եվ Աստծո սերն է շուրջդ թևածում:
Խաչիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Լուսանկարը` ՎԱՍ-ի